Սանդոյան Էդվարդ Մարտինի՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր, ՀՀ և ՌԴ տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի մանկավարժական և հոգեբանական գիտությունների ակադեմիայի գործող անդամ (ակադեմիկոս):
Էդվարդ Մարտինի Սանդոյանը ծնվել է 1961 թ. Երևանում։ Ոսկե մեդալով ավարտել է Երևանի համար 71 ռուսական միջնակարգ դպրոցը։ Սովորել է Մոսկվայի Ս. Օրջոնիկիձեի անվան կառավարման ինստիտուտում (Կառավարման պետական համալսարան), այնուհետև ուսումը շարունակել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան «Մեքենաշինական արդյունաբերության էկոնոմիկա և կազմակերպում» մասնագիտությամբ, որը գերազանցությամբ ավարտել է 1983 թ.՝ ստանալով ինժեներ-տնտեսագետի որակավորում։ 1987 թ. ԽՍՀՄ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը նրան շնորհել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 1991 թ. ԽՍՀՄ Ժողովրդական կրթության պետական կոմիտեի կողմից շնորհվել է դոցենտի կոչում։ 2008 թ. ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի, իսկ 2009 թ. ՌԴ Գիտության և կրթության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայության կողմից Սանդոյանին շնորհվել է տնտեսագիտութան դոկտորի գիտական աստիճան։ 2008 թ. հուլիսին ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը նրան շնորհել է «Տնտեսագիտութուն» մասնագիտության պրոֆեսորի գիտական կոչում։
1983-1991 թթ., որպես ասիստենտ, դասախոս և դոցենտ, գիտամանկավարժական գործունեություն է ծավալել Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում և Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում (ՀՊՏՀ)։ 1986-1988 թթ., որպես ավագ գիտաշխատող, աշխատել է նաև Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտին կից գործող ԽՍՀՄ Էլեկտրատեխնիկական արդյունաբերության նախարարության գիտահետազոտական լաբորատորիայում։
1991–1993 թթ. եղել է ՀՀ հարկային պետական տեսչության պետի տեղակալ, ՀՀ փոխնախարար։ 1994–1998 թթ. եղել է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչության պետ։ 1995-1997 թթ. մասնագիտական վերապատրաստում է անցել Քլիվլենդի Ֆեդերալ Ռեզերվ Բանկում (Օհայո, ԱՄՆ), Անգլիայի բանկում (Լոնդոն), Ֆրանսիայի Ազգային բանկում (Փարիզ), Նիդերլանդների Ազգային բանկում (Ամստերդամ): Սովորել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր ժողովրդական տնտեսության ակադեմիայի դոկտորանտուրայում։
1998–1999 թթ. եղել է ՀՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարար։ 1999–2000 թթ. եղել է «Հայագրոբանկ» ԲԲԸ գլխավոր գործադիր տնօրեն, վարչության նախագահ: 2001-2003 թթ. եղել է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԻԿԿ դիտորդական խորհրդի նախագահ։ 2001-2004 թթ. եղել է «Արմսբերբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահի տեղակալ, այկնուհետև՝ ռազմավարական զարգացման կոմիտեի նախագահ։ 2003-2004 թթ., որպես Հայաստանում կապիտալի շուկաների զարգացման ծրագրի խորհրդական, աշխատել է «PricewaterhouseCoopers»-ում (IBM Business Consulting Services):
2002-2017 թթ. ղեկավարել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի (ՀՌՀ) էկոնոմիկայի և ֆինանսների ամբիոնը, 2007 թ. մինչ օրս՝ նույն ամբիոնի պրոֆեսոր է։ 2000-2004 թթ. Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի դոցենտ է։
2004-2012 թթ. եղել է ՀՌՀ համալսարանական կրթության զարգացման գծով պրոռեկտոր։ 2012 թվականից առ այսօր ՀՌՀ տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրենն է։ 2002թ. մինչ օրս ՀՌՀ գիտական խորհրդի անդամ է, իսկ 2012թ. առ այսօր ՀՌՀ տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի գիտխորհրդի նախագահն է։
Հայ-ռուսական համալսարանում ծավալած գործունեության ընթացքում Էդվարդ Սանդոյանը նշանակալի ավանդ է ունեցել համալսարանի կայացման և զարգացման գործում։ Նշենք, որ նա Հայ-ռուսական համալսարանում կրեդիտային վարկանիշի, ինչպես նաև, ասինխրոն համակարգի ներդրման նախաձեռնողն ու կազմակերպիչն է։ Մշտապես բարելավում է իր մասնագիտական մակարդակը։ Նախաձեռնող է, համառ՝ իր առջև դրված նպատակների իրականացման հարցում: Նա հեղինակություն է ու ըստ արժանվույն վայելում է բուհի գործընկերների և ուսանողների հարգանքը։
Է. Մ. Սանդոյանի գիտական հետաքրքրությունների շրջանակները ներառում են՝ տնտեսության և տնտեսական քաղաքականության պետական կարգավորումը, բանկային կարգավորումն ու վերահսկողությունը, տնտեսության ֆինանսական հատվածը և ֆինանսական միջնորդության հաստատությունները, դրամավարկային և արտարժույթային կարգավորումը, բարձրագույն կրթությունը և կրթական գործընթացը։
2006 թվականից առ այսօր Է. Մ. Սանդոյանը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի համալսարանների ասոցիացիայի «Ֆինանսներ, բանկային գործ, ապահովագրություն և դրամավարկային քաղաքականություն» ուղղության և Անցումային տնտեսության կիրառական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (Հռոմ, Իտալիա) գիտական խորհրդատուների խորհրդի անդամ է:
2008-2015 թթ. եղել է «Եվրասիայի գիտնականների տնտեսագիտական ակումբ» միության համակարգող խորհրդի անդամ (Աստանա, Ղազախստան):
2006 թ. առ այսօր նա հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության դասական համալսարանական կրթության տնտեսագիտության ՈւՄՄ ոլորտի գիտամեթոդական խորհրդի անդամ (2015 թ. առ այսօր՝ Դաշնային բարձրագույն կրթության ուսումնամեթոդական միության ոլորտում УГСН 38.00.00 Տնտեսություն և կառավարում՝ ստեղծված ՌԴ Կրթության և գիտության նախարարության 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 987 հրամանով, (Մոսկվա, ՌԴ)):
Է. Մ. Սանդոյանը 2017 թ. առ այսօր հանդիսանում է Եվրասիական ցանցային համալսարանի ցանցային ֆինանսական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ (Երևան-Մինսկ-Աստանա-Բիշքեք-Մոսկվա-Սանկտ-Պետերբուրգ):
2003 թ. մինչ օրս Է.Մ. Սանդոյանը հանդիսանում է ՌԳՄԻ մաս կազմող «Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Տեղեկագիր (հումանիտար և հասարակական գիտությունների մատենաշար)» և «Գիտական հոդվածների ժողովածու՝ հիմնված ՀՌՀ տարեկան գիտաժողովների նյութերի վրա ( հումանիտար և հասարակական գիտությունների մատենաշար)» պարբերականների խմբագրական խորհուրդների անդամ։ Նաև հանդիսանում է SCOPUS-ում և/կամ ՌԳՄԻ-ում ընդգրկված հետևյալ արտասահմանյան գիտական ամսագրերի խմբագրական խորհուրդների անդամ՝«Բելառուսական տնտեսագիտական հանդես» (Մինսկ, Բելառուսի Հանրապետություն), «Սոցիալական զարգացման տեսություն և պրակտիկա» (Կրասնոդար, ՌԴ), «Հասարակություն. քաղաքականություն, տնտեսագիտություն, իրավունք» (Կրասնոդար, ՌԴ), «Հասարակություն. սոցիոլոգիա, հոգեբանություն, մանկավարժություն» (Կրասնոդար, ՌԴ), «Հասարակություն. փիլիսոփայություն, պատմություն, մշակույթ» (Կրասնոդար, ՌԴ), Journal of New Economy («Известия», Ուրալի պետական տնտեսական համալսարան, Եկատերինբուրգ, ՌԴ), «Journal of Economic Regulation. Տնտեսական կարգավորման հարցեր» (Դոնի Ռոստով, ՌԴ), «Տնտեսագիտության և կառավարման աշխարհ» («Вестник», Նովոսիբիրսկի պետական համալսարան (ՆՊՀ)), Սոցիալ-տնտեսական գիտություններ (Նովոսիբիրսկ, ՌԴ), «Transition Studies Review», Springer (Հռոմ, Իտալիա), «Global Policy and Governance» (Հռոմ, Իտալիա), «Contemporary Geopolitics and International Relations» (Հռոմ, Իտալիա), «Ekonomické Trendy» (Economic Trends) (Պրահա, Չեխիա), «Ֆինանսներ. տեսություն և պրակտիկա (Finance: Theory and Practice)» (Մոսկվա, ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարան):
2007-2015 թթ. հանդիսացել է նաև հետևյալ գիտական ամսագրերի խմբագրական խորհուրդների անդամ՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ և կառավարում» ( Երևան, Հայաստան), «Կառավարիչ» (Ուրալի պետական տնտեսագիտական համալսարան, Եկատերինբուրգ, ՌԴ), «Եվրասիական տնտեսական տեսություն» (Աստանա, Ղազախստան), « ԷՖԻ` Էկոնոմիկա, ֆինանսներ, հետազոտություններ» (Աստանա, Ղազախստան):
2010-2013 թթ. եղել է ՌԴ կրթության և գիտության նախարարության ԲՈԿ թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանության համատեղ խորհրդի գիտական քարտուղար (Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան, ՌԳԱ էկոնոմիկայի ինստիտուտ և ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական ակադեմիա), (Մոսկվա-Երևան):
2009-2014 թթ. հանդիսացել է ՀՊՏՀ-ին կից գործող ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի 014 մասնագիտացված խորհրդի անդամ, իսկ 2014-2015 թթ.՝ Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիային կից գործող ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի 008 մասնագիտացված խորհրդի անդամ:
2014 թ. մինչ օրս Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանին կից գործող ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի 008 մասնագիտացված խորհրդի նախագահի տեղակալ է:
Իր 40-ամյա մասնագիտական և 30-ամյա գիտամանկավարժական գործունեության ընթացքում նա մեծ դեր է ունեցել երիտասարդ մասնագետների պատրաստման գործում։ Նա «Տնտեսագիտություն» և «Ֆինանսներ» ոլորտներում մագիստրոսական տարբեր կրթական ծրագրերի հիմնադիրն է, «Ֆինանսներ» մագիստրոսական կրթական ծրագրի գիտական ղեկավար։ Տնտեսագիտության բնագավառում հիմնել է իր գիտական դպրոցը։ Նրա գիտական ղեկավարությամբ պաշտպանվել են տնտեսական գիտությունների 34 թեկնածուներ և 1 դոկտոր։ Ներկայումս ղեկավարում է 2 դոկտորական և 4 ասպիրանտական գիտական աշխատանքներ։ 2013 թ. Է. Մ. Սանդոյանի գիտական ղեկավարությամբ գործող երիտասարդ գիտնականների խումբը ճանաչվել է Նոբելյան մրցանակի Աստանայի ակումբի Երիտասարդական դրամաշնորհի դափնեկիր։
1999-2007 թթ. եղել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։ 2001-2016 թթ. բազմիցս նախագահել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պետական ատեստավորման հանձնաժողովները (բակալավրիատ, մագիստրատուրա)։ 2001 թ. հիմնադրել և 2001-2006 թթ. հանդիսացել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան) շրջանավարտների միության նախագահը, իսկ 2006-2011 թթ.՝ խորհրդի անդամ։
Իր ընտրած մասնագիտական գործունեության մեջ անհրաժեշտ է ընդգծել Է.Մ. Սանդոյանի առաջնորդական հատկանիշները։ Նա նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանի Հանրապետության բանկային և հարկային օրենսդրության ոլորտներում բազմաթիվ օրենքների և նորմատիվ-իրավական ակտերի մշակման գործում։ Հեղինակ է 276 հրատարակված գիտական աշխատությունների, դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների և մենագրությունների, ինչպես նաև գիտական առանձնահատուկ հետաքրքրություն ներկայացնող ավելի քան 60 գիտահանրամատչելի հրապարակումների։ Հանդիսացել է ՌԴ ՌԳԱ, միջազգային կազմակերպությունների, ՌԴ կրթության և գիտության նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության պետական կոմիտեի (Գիտության կոմիտեի), Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ՀՀ կենտրոնական բանկի կողմից ֆինանսավորվող բազմաթիվ գիտահետազոտական նախագծերի և դրամաշնորհների գիտական ղեկավար և մասնակից: Որպես վարող՝ գիտական զեկույցներով մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտական սեմինարների, գիտաժողովների և ֆորումների: Նա հանդիսանում է բազմաթիվ միջազգային գիտական կոնֆերանսների և գիտագործնական ֆորումների կազմակերպիչ և համակազմակերպիչ, ինչպես Հայաստանում այնպես էլ՝ արտերկրում։
Իր մասնագիտական գործունեության ընթացքում նա համագործակցել է մի շարք միջազգային կազմակերպությունների՝ Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF), Համաշխարհային բանկի (World Bank), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD), ԱՊՀ երկրների բորսաների միջազգային ասոցիացիայի (Մոսկվա), Միավորված ազգերի կազմակերպության (UNDP), «Եվրասիա» հիմնադրամի և «Armenian-European Policy and Legal Advice Centre» (AEPLAC) կենտրոնի հետ:
2017 թվականից առ այսօր «Արցախբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահն է։ 2023 թ. ապրիլից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր ֆինանսների նախարարների խորհրդի անդամ է։
Երկար տարիների գիտամանկավարժական գործունեության և կրթության ու գիտության ոլորտում ակնառու նվաճումների համար Է.Մ. Սանդոյանը պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով՝ Ոսկե մեդալով (2010թ.): Պարգևատրվել է նաև ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդալով (2013թ.)։ 2014 թ. ՀՀ նախագահի հրամանագրով Է.Մ. Սանդոյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության պետական պարգևով՝ «Մովսես Խորենացի» մեդալով։ 2022 թ. սեպտեմբերին ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարությունը նրան շնորհել է «Շնորհակալագիր»՝ կրթության ոլորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, բարեխիղճ աշխատանքի, ինչպես նաև Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հիմնադրման 25-ամյակի տոնակատարության կապակցությամբ։
«Համաշխարհային ֆինանսական ճգնաժամ՝ պատճառներն ու հետևանքների մինիմիզացման եղանակները։ Հակաճգնաժամային առաջարկություններ G-20 երկրների համար» (2009 թ.) անվանակարգում «Եվրասիայի տնտեսական անվտանգությունը գլոբալ ռիսկերի համակարգում» թեմայով ինտերնետ-ֆորումի լավագույն զեկույցի համար, Է.Սանդոյանն արժանացել է Եվրասիայի գիտնականների տնտեսագիտական ակումբի (Աստանա) դափնեկրի կոչման: Պարգևատրվել է ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործության այլ վտանգավոր տեսակների դեմ պաքարը համակարգող բյուրոյի հոբելյանական մեդալով (2015թ.): 2013-2021 թթ. ճանաչվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի «Արդյունավետ գիտնական» (լավագույն 100) մրցույթի «Հասարակական գիտություններ» ուղղության հաղթող։
Երկար տարիների բարեխիղճ աշխատանքի համար Է.Սանդոյանը պարգևատրվել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Ոսկե մեդալով (2011 թ.) և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Ոսկե մեդալով (2003 թ.): Արժանացել է «Եվրասիայի գիտնականների տնտեսագիտական ակումբ» միության, ինչպես նաև Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանի (2011թ.) Պատվավոր պրոֆեսորի գիտական կոչման (2008 թ.): 2017 թվականից Մեսրոպ Մաշտոց համալսարանի (Ստեփանակերտ) պատվավոր պրոֆեսոր է: 2013 թ. ՀՌՀ-ի կողմից արժանացել է ակադեմիկոս Ս.Ա. Սիտարյանի անվան գիտական մրցանակի՝ Հայաստանում տնտեսական բեկումնային ռազմավարության իրականացմանն ուղղված տնտեսագիտության ոլորտում ակնառու աշխատանքների համար։
2022 թվականից Է. Մ. Սանդոյանը Հայաստանի մանկավարժական և հոգեբանական գիտությունների ակադեմիայի գործող անդամ է (ակադեմիկոս), Ակադեմիայի նախագահության անդամ։
Ամուսնացած է, ունի մեկ դուստր։
CV >>