Անցած օրը Սև Բերդում էինք,,,մեր Սև Քաղաքի,,,գնացել էինք հրաշագործ Մանսուրյանի համերգ-երեկոին մասնակցելու, համ էլ ողջունելու Բերդի Նոր Կյանքը: Գյումրվա համար հույժ կարևոր է վերգտնել երբեմնի Արվեստի ու Արհեստի Քաղաքի իր նշանակությունը, և պարզապես հուզիչ էր տեսնել հարյուրավոր գյումրեցիների հպարտ հոսքը դեպի Ամրոց,,,հպարտ, բայցև մտահոգ: 

Նրանք կարծես գիտակցում էին որ մեր Մեծությունների՝ Մանսուրյանի, Հասմիկ Պապյանի, նաև Ռոբերտ Մլքեյանի ներկայությունը Քաղաքում արդեն իսկ ազդանիշ և հույս է հնարավոր փոխակերպման, բայց միևնուն է՝ տխրության մի ահռելի մեծ դաճվածք կար գյումրեցիների դեմքերին, և այդ դաճվածքը արդեն ավելի քիչ աղերս ուներ երկրաշարժի հետ, քան այժմյան անմխիթար թվացող վիճակի,,,տխուր էր նաև մաէստրո Մանսուրյանի երաժշտությունը,,,

Բավական ծանր և դառնացած, ռեքվիեմական տրամադրությամբ շարժվում էինք արդեն դեպի ելք, երբ մանչկական մի զրգուն ձայն ստիպեց շրջվել. “Մամ, մամ, Ընչի՞ ըդպես տխուր կնվագեին օր”,,, Շեկ գանգուր մազերով, պեպենոտ դեմքով մի արևային մանչուկ էր, իսկը ասես Ալբերտ Մկրտչյանի “Ուրախ ավտոբուս”-ից, իր պայծառ դեմքով ու հիասքանչ “Ընչի՞”-ով ամբողջապես շուռ տվեց վիճակը, հանդիսացավ այն Ճերմակ ու Լուսավոր կետը մեր Սև Քաղաքում, որը ՄԻԱԿ հուսադրողն էր,,,

Ճիշտ այդպես էլ երկրում. քանի որ արդեն կա և աստիճանաբար հզորանում է Նոր Սերունդը, որի համար անհասկանալի է, թե “Ընչի՞ է տխուր, Ընչի՞ է մռայլ, Ընչի՞ է սխալ, Ընչի՞ է անարդար”, մենք կարող ենք հանգիստ լինել երկրի համար:
 
 
 
20.11.2016