Այսօր լրացավ մեր ժամանակների Մեծագույն Հայի՝ Սերգեյ Ալեքսանդրի Համբարձումյանի 90-ամյակը:
Մշտապես պատիվ և Բարձրյալից ստացած պարգև եմ համարել մեր մտերմությունը...
Չէի կարող չարձագանքել բանաստեղծությամբ: Տեքստում հիշատակվող բանաստեղծը Օսիպ Մանդելշտամն է, որը Հայաստան կատարած ճանապարհորդության ազդեցության տակ գրել էր իր հանրահայտ տողերը.
"Я в себе выработал шестое – «араратское» – чувство – чувство притяжения горой"...
 
 
ԼԵՌԸ
 
Կարծես թե պարզ էին դարերից ի վեր
Մարդ արարածիս զգայարանները՝
Համը, որ գուցե շատ քաղցր լիներ,
Եթե ճիշտ ընտրեինք մեր չափն ու կերը,,,
Լսողությունը, որ որքան լարված,
Ճիշտ այնքան ծանր է մարսողությունը,,,
Շոշափումը, ու ո՛չ թե ձեռքով՝ մարմնի,
Այլ հոգով՝ հոգու, կամ սրտով՝ սրտի,,,
Աչքի լույսը, որ տրված է մեզ             
Լոկ հայեցության, ո՛չ նշան բռնելու,,,
Հոտառությունը, որ ունի ամեն մի գազան,
Բայց մա՛րդն է էակն այն լուսե, սրբազան,
Որը ունակ է Սիրով շնչելու,,,
 
Այսքանն էր հայտնի, մինչև Բանաստեղծը 
Մեզ չհրամցներ իր նոր զգայարանը՝
Մասիսով դրդված, թվով համար վեցը՝
Վեհասքանչ Լեռան ձգողությունը,,,
Որ քեզ կանչում է խորիմացության,
Սեփական ուժի ահեղ փորձության,
Ու դատապարտում միայն վերելքի՝
Երբ բարձրանում ես ինքդ քո հանդեպ,
Չնայած կուռ ու վսեմ արգելքին,
Առանց բռնության, կամավոր, ի դեպ,,,
Ու երբ քեզ հանկարծ հասու է դառնում
Ոչ միայն վեր խոյանալու բերկրանքը,
Այլ նաև լուռ ու արժանապատիվ
Իջնելու պերճանքը,,,
 
Բախտս բերել է հանդիպել Լեռանը,
Հասուն հասակում ճաշակել մերանը
Չհնանալու լուրջ դավանանքի,
Սիրով ու Ոգով երիզած Մտքի,
Լուսավորչությամբ հագեցած կյանքի
Ու Գիտակցության վսեմ ճախրանքի,
Որ զերծ կպահի խոչընդոտների
Հեշտ հաղթահարման՝ ճկուն ողնաշար
Դրսևորելու ավանդավարքից,,,
 
Բնության երևույթ այս հսկա Լեռը
Ինքն է աշխարհիս դարդերի Տերը,
Որ երկարում է հասնող ձեռքերը,
Ու ամենուրեք տարածում խերը,,,
ԵՎ երբ մտահոգ հանկարծ երկյուղես,
Թե. "Ո՞վ է քաշելու մեր ծանր բեռը",
Ո՛չ մի տարակույս չի թողնի, կարծես՝
Այլընտրանք չկա.
Հենց ինքը՝ Լե՛ռը:
 
 
 
 
 
18.03.2012