Այս Ոգու տարածքը ձևավորվեց Արցախի համալսարանի մի խումբ ուսանողների՝ մեզ հյուրընկալվելու և մերոնց հետ շփվելու արդյունքում... Խմբի հետ հանդիպման ժամանակ հարցրի թե՝ ի՞նչ կուզենայիք ստանալ մեզանից, տանել ձեզ հետ։ Մի հրաշք երիտասարդ իսկական Արցախցու արժանապատվությամբ մի երանելի անակնկալի բերեց ինձ. «Եկել ենք ԹՈՂՆԵՆՔ՝ ԳՆԱՆՔ»:

Ոչ անունը գիտեմ, ոչ ազգանունը, բայց հաստատ գիտեմ որ ՀԱՂԹՈՂ ՀԱՅ ԷՐ։ Ահավոր մեծ էր տպավորությունս, մի ձևով անպայման պիտի արտահայտվեյի... Մի փոքր ուշացումով նվիրում եմ ՈԳՈՒ ընկերոջս՝ “Ապրես, ցավդ տանե′մ”:
         
ԵԿԵԼ ԵՆՔ ԹՈՂՆԵՆՔ՝ ԳՆԱՆՔ
 
Ինչ որ ունես էս աշխարհքում՝
Հետդ մի′ տար, թո′ղ էստեղ,
Մի′ խճճվիր դու հաշվարկում՝
Անջատելով լեն ու նեղ։
 
Թե մի բան է մտքովդ անցել՝
Քանի սաղ էս, վա′ր արա,
Թե կասկած է ջանդ անցել՝
Հոգուդ դուռը բա′ց արա։
 
Մի′ պահիր չարը ներսումդ,
Վայրագությամբ մի′ լցվիր,
Նախանձով սրտի մերսումը
Դատարկ հոգին չի′ լցնի։
 
Մի′ կուտակիր վատ օրերի՝
Լավ օրերդ դեռ չապրած,
Ինչ որ ունես՝ կեր ու խմիր՝
Մեկ էլ՝ չկաս դու հանկարծ։
 
Մի′ մտածիր, թե ժառանգիդ
Տուն ու տեղը հասցնես,
Մեկ էլ տեսար՝ կտա գանգիդ,
Չէ′ս հասցնի փախցնես։
 
Եվ ուրեմն, մա′րդ սիրեցյալ,
Ականջ արա ասածիս,
Նրա′ փառքն է միշտ հավիտյան,
Ում որ Ոգին կարածի։
 
Հիշիր՝ լինես անգամ ոսկուց՝
Քեզնից պատառ չի′ մնա,
Ու թե բան կա չարքաշ հոգուց՝
Միայն դա′ Թո′ղ՝ ու Գնա′։
 
 
 
 
 
26.06.2011