Երջանիկ մարդ եմ ես... Վաղուց գիտեյի... Բայց` հանգամանքների բերումով հոգուս երկար ժամանակ զմրսած դարպասները ինքնակամ բացելուց հետո առավել ևս համոզվեցի... Սեր, պատիվ, նվիրում ու սեր, նորից սեր, սեր` ահա թե ինչ ներխուժեց` երկար ժամանակ, հարկադրաբար կամ անմտաբար փակված դարպասներից ներս... Բնականաբար` այդքանը միայնակ վայելել չեմ կարող...Վերադարձնում եմ մի մասը... Բոլորիդ... Սիրով...  
 
ՀԱՅՐԱՆՈՒՆԻՑ ՀԵՏՈ
 
Տառապած կյանքիս այս հանգրվանից
Մի ուղերձ կուզեյի հղել Ձեզ, մարդիկ`
Թող չթվա Ձեզ ծնված օրվանից
Թե` անուն ունեք, ազգանվանը կից…
 
Անունը կյանքով վաստակե՛լ է պետք,
Մաքառե՛լ է պետք, պայքարե՛լ է պետք`
Անվան բեռի տակ ստորության մոխրից
Արժանապատվության խորը զգացումով
Վեր հառնել է պետք…
 
Անուն-ազգանուն...Անձի վկայական...հմ՜...
Իսկապես, թվում է, թե հենց այստեղից է
Կյանք առնում Կյանքը...բայց արի ու տես`
Դա միայն կանխավ ` ծնողիդ կամքով
Քեզ տրամադրված մեկնարկի վարկ է,
Երբ գրավ է դրված հենց ինքը` Կյանքդ...
 
Հասի՜ր անվանդ, դա՛ է, իմացի՛ր,
Ապրելուդ միակ ու արժող իմաստը.
Մահվան թուղթը չէ, որ անառարկելի,
Անբեկանելի զորությամբ կացնի
Կվկայակոչի ապրելուդ փաստը,
Այլ ա՛յն, ինչ կթողնես անվանդ դիմաց…
Մնացածը սոսկ կգա` ու կանցնի…
Մի ուրիշ արժեք է հայրանունդ, տե՛ս`
Հանկարծ սեփական հաջողությունդ
Քեզ չշլացնի, ու աքլորի պես
Դու չհոխորտաս… ՈՒ միշտ հասկանաս,
Որ ընդամենը ժառանգն էս հորդ,
Հաջորդն էս այն հզոր շղթայում,
Որ կոչվում է Ազգ ու Գերդաստան`
Աստված տա` ո՛չ վերջինը…
 
Անուն-հայրանուն…ոմանց կթվա,
Թե սա՛ է վերջը… Տարիներ բազում
Չարչարանքների, ցավեր-դավերի,
Համակերպումի` ամենից բացի...
Երբ հայրանունով պատրաստ էս դիմել
Անգամ անարժան, անբարո մարդուն,
Ով սեփական հորը գուցե
Վաղու՜ց փոխել է մի բերան հացի…
 
Փառք, կարողություն, անծայր ճանաչում,
Աթոռ, ուսադիր, անուն-հայրանուն…
Ինչո՞վ վերջը չէ պատվաբեր կյանքի,
Մխիթարանքը կրած զրկանքի
Խրախճանքը համեստ բերկրանքի…
Իհարկե` վերջն է, կարծես թե` վերջն է…
 
Բայց չսխալվե՛ք… Ես էլ էի նման մոլորության մեջ,
Մինչև չլսեյի այդ չքնա՜ղ “Ջան”-ը` հայրանունից հետո…          
Բախտավոր եմ ես. Եկավ վախճանը
Այն թյուր համոզման, թե`
Կյանքդ կարող էս համարել պարպված,
Անգամ հաջողված` երբ հասնես նրան,
Որ քեզ նույնականացնեն հայրանունովդ…
 
Ո՛չ` հազար անգամ, լսու՞մ եք ինձ` Ո՛չ:                                       
Հայրանունից հետո կա այդ պա՜րզ,
Մաքուր, անկեղծ ու նվիրական,
Այդ հրաշք “Ջան”-ը,
Որ արտացոլումն է տվածդ Ոգու,
Ներդրած Ջանքիդ, սփռածդ Բարու,
Փակածդ պարտքի, որ ապացուցվում է
Ապրածդ կյանքի ամեն մի կետով…
Ուզում եմ գոռալ երեսին Մահու.
“Ի՞նչ էս ցից կանգնել, հե՛տ գնա է՜, Տո՛”`
Կյանքը սկսվում է հայրանունից հետո՛:
 
 
 
 
 
23.06.2011