Выступления"Армянская модель конкурентоспособности": выступление ректора РАУ А.Р. Дарбиняна на научной конференции «Основные проблемы повышения конкурентоспособности национальной экономики» в Армянском государственном экономическом университете
16.11.2012

       

    ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ   ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄՈԴԵԼԸ

          Մեծարգո նախագահող,
            Հարգելի կոլեգաներ,
 
Ուրախ եմ ողջունելու Հայաստանյան տնտեսագիտության նվիրյալներին՝ հատկապես այնպիսի մի կարևոր հիմնահարցի քննարկման շրջանակներում, ինչպիսին է  մեր երկրի մրցունակության ապահովման հիմնահարցը:
 
Շնորհակալություն եմ հայտնում նաև լիագումար այս նստաշրջանում ինձ տրամադրված այս պատվաբեր հնարավորության համար՝ Ձեզ հղելու խնդրի վերաբերյալ իմ և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցի տեսակետները: Սա համարում եմ նաև մեր գիտական դպրոցների առավելագույնս մերձեցման, համատեղ գիտական և փորձագիտական հնարավորությունների առավել լայն օգտագործման լիարժեք հնարավորություն, որի կուտակային ներուժը, իմ խորը համոզմամբ՝ թյուրիմացաբար, պահանջարկված չէ:
 
Եվ այսպես, ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄՈԴԵԼԸ՝ որո՞նք են դրա հիմնաքարերը, կառուցման սկզբունքները,  առաջնահերթ քայլերը և հրատապ անելիքները:
 
Իմ համոզմամբ, Հայաստանյան մրցունակության մոդելի կառուցման հիմնաքարերից ամենաէականը ինքնանույնականացման (ինքնաիդենտիֆիկացիայի) խնդիրն է: Ցավալի է, որ սեփական բախտի տնօրինման արդեն երկրորդ տասնամյակը բոլորած հանրությունը չունի հստակ կողմնորոշում, թե առավելապես ո՞ր արժեհամակարգին է ձգտում, ո՞ր մի առավել ընդգրկուն հանրության մաս կարող է կազմել ապագայում և ինչի՞ հաշվին: Մեր անորոշությունը կարծես սկսել են արդեն չարաշահել տարբեր տրամաչափի վերլուծական կամ քաղաքական կենտրոններ, չգիտես ինչու՞ և ի՞նչ հիմքով համաձայնվել ենք մեր Հարավկովկասյան նույնականացմանը, չնայած ժամանակի ընթացքում ավելի ու ավելի ակնհայտ են դառնում այդ արհեստական ընդհանրացմանն արժանացած երկրների ու ժողովուրդների երբեմն տրամագծորեն հակառակ նպատակներն ու արժեքները:
 
Մինչդեռ գրեթե բոլոր միջազգային հետազոտություններում, քաղաքական կողմնորոշում պարունակող փաստաթղթերում մեզ դիտարկում են հենց նշված միավորման ենթատեքստում. միավորում, որը, ելնելով գոյություն ունեցող միտումներից, որևէ հավանականություն չունի իրագործվելու:
 
Դրա հետ մեկտեղ մեզ չի հաջողվել մինչ այժմ արժանավայել կերպով դրսևորել արևելյան ծագում ունեցող, բայց արևմտյան ազատական արժեքներ կրող, Ազատություն դավանող հանրության կերպարը՝ կերպար, որը արժանահավատ կդիտվեր թե՛ Արևելքում, և թե՛ Արևմուտքում: Ավելորդ է նշել, թե այս հարցում ինչպիսի կարևորություն ունի մշակութային հասցեական քաղաքականությունը, ինչպես նաև իսկական արժեքների հետ ոչ մի կապ չունեցող կեղծ և խորթ՝ անգամ կենցաղային  դրսևորումների նկատմամբ պետական պատնեշի կանգնեցումը: Վրացական օրինակը, որտեղ պետական կարգավորման է ենթարկվում անգամ հարսանիքներում հնչող երաժշտությունը,  այստեղ խիստ նախանձելի է:
 
Ինքնանույնականացման բացակայությունն է, որ հաճախակի մեզ անիմաստ և անգամ սադրանք պարունակող երկընտրանքի առջև է կանգնեցնում. մեզ հարցնում են, հիմա դուք Եվրասիակա՞ն, թե Եվրոպական միության կողմնակից եք, մենք էլ մի տեսակ ամաչկոտ, խուսափող դիրք ենք ընդունում, փոխանակ պատասխանենք. Այո՛, մենք Եվրոպական դարավոր մշակույթ ունեցող առաջավոր Ռուսաստանի հե՛տ ենք, իսկ նրանք, ովքեր թույլ են տալիս իրենց խոսել նման երկընտրանքի մասին՝  առաջին հերթին հենց ա՛յդ Ռուսաստանի դեմ են:
 
Մեր մրցունակության երկրորդ հիմնաքարը ՄԱՐԴՆ Է՝ իր որակյալ կյանքով. Մարդու երջանկությունը այլևս պետք է դառնա հանրային կառավարման բարձրագույն նպատակ: Մարդը ծնվում է ո՛չ թե տառապելու, մաքառելու, դիմանալու, դիմակայելու, համբերելու, տեր կամ հնազանդ լինելու, այլ միայն ու միայն երջանիկ լինելու, ինքնադրսևորվելու նպատակով: Մինչդեռ մեզանում մի ստվար ժամանակահատված համարվում էր, որ կարևորագույն նպատակը ուժեղ և կազմակերպված պետությունն է, ինչը կարելի էր հասկանալ՝ իրավիճակի առանձնահատկություններից ելնելով, բայց մենք չնկատեցինք, որ դրանով իսկ թույլ տվեցինք արժեքների փոխատեղում. Ուժեղ պետությունը մեծ արժեք չունի, եթե դրա հիմքում արժանապատիվ ու երջանիկ կյանքով ապրող մարդը չէ:
 
Երրորդ հիմնաքարը Պրոգրեսն է՝ առաջադիմության հրամայականը: Մրցունակ լինելու համար մենք պետք է ունենանք դեպի առաջադիմություն ձգտող հանրություն: Մենք հին ժողովուրդ ենք, սակայն իրավունք չունենք հնանալու և ծերանալու, մինչդեռ հանրության մեջ բացառիկ դիրքեր ունեն կոնսերվատիվ մտածելակերպը, ավանդականությունն ու ավանդապաշտությունը: Ըստ որում, դրանք շատ հաճախ որևէ աղերս անգամ չունեն պրոգրեսի հետ: Առաջադիմության նպատակաուղղված հանրությունը պետք է ուժ գտնի իր մեջ մերժելու ավանդապաշտության այն դրսևորումները, որոնք չեն նպաստում պրոգրեսին: Մինչդեռ հանրային կառավարման մակարդակով մենք մինչև այժմ ճիշտ հակառակն ենք արել՝ տեղի տալով հնացած բարքերին ու կանոններին, որոշ դեպքերում էլ դրանցով պայմանավորելով առաջ գնալու անհնարինությունը, կամ ձախողման պատճառները: Հանրային կառավարման յուրաքանչյուր օղակի ցանկացած որոշման գնահատականը պետք է տալ հե՛նց պրոգրեսի չափանիշով.
 
Մարդկային քաղաքակրթության նախահիմքերին հավակնող ժողովուրդը ի վիճակի է սեփական պատմությունից, մշակույթից և ահռելի փորձից այնպիսի հետևությունների հանգել, որոնք կնախանշեն դեպի առաջադիմություն տանող ճանապարհի հիմնական հանգրվանները:
 
Մոդելի կառուցման սկզբունքները.
 
Որպես առաջնային սկզբունք ես կհիշատակեի Արդարությունը: Հանրային կառավարման արդար համակարգի առկայությունը, մուտքի հավասարության և մրցակցային հիմունքներով հանրային ռեսուրսների բաշխումը, անհավասարության արդարության ապահովումը խիստ կարևոր գործոններ են այստեղ: Ըստ որում մրցակցությունը այստեղ անհրաժեշտ է դիտարկել իրավունքի տիրույթում. Դա ոչ պայման է, ոչ էլ հնարավորություն, դա իրավունք է, որը խստորեն պետք է ապահովվի պետության կողմից: Մեզանում տիրող անհավասարությունը անարդար է, անհիմն, ոչ թափանցիկ, բացարձակ հակաառաջադիմական: Խելացի, բանիմաց, կիրթ, ուսյալ մարդը մեզանում հաջողակ չէ: Հանրային կառավարման համակարգում անհամաչափ մեծ տեղ է գրավում ասիական գավառական յուրայնությունը, սոցիալական վերելակը չի աշխատում, իսկ կորպորատիվ մշակույթը, որը կարող էր լուրջ խթան հանդիսանալ առաջադեմ կադրերի առաջխաղացման համար՝ չի խրախուսվում:
 
Հաջորդ սկզբունքն է հանրային մոտիվացիան՝ այն բանի գիտակցումը, որ սեփական երջանկության բաղադրիչն է հանրային երջանկությունը, և հակառակը: Մինչդեռ կառավարման արատավոր պրակտիկան այսօր բերել է նրան , որ «հանրային շահ» հասկացությունը արժանացել է բացառապես տխրահռչակ համբավի, դրա տակ ավելի շատ հասկացվում է հանրությանը դեմ գործողություն, քան ընդհանուր շահի շուրջ համախմբում: Ես խորհուրդ կտաի կառավարիչներին անհապաղ դադարեցնել բոլոր այն գործողությունները և գործարքները, որոնք ի կատար են ածվում այդ տխրահռչակ հանրային շահի ներքո, և հակառակը՝ հանրությանը մատուցել այնպիսի ծրագրեր, որոնց շուրջ հնարավոր կլինի հասնել հանրության կոնսոլիդացիայի, որի բացակայության պայմաններում խոսել երկրի մրցունակության մասին ավելորդ է:
 
Երրորդ սկզբունքը առաջանցիկ զարգացումն է: Մենք բավարար չափով արդեն ետ ենք մնացել համաշխարհային զարգացման տրենդերից, որպեսզի կարողանանք մեզ թույլ տալ աստիճանական զարգացման ռազմավարությունը. Դրանով իսկ մենք ընդամենը կկոնսերվացնենք մեր ետնապահ դիրքերը: Այս իմաստով լուրջ չեն ներկայացվող այնպիսի ռազմավարական դրույթները, ինչպիսին են, օրինակ, կոռուպցիայի՝ և ուրեմն, դրա դեմ պայքարի անընդհատության փաստումը, կամ հարկային եկամուտների՝ Համախառն Ներքին Արդյունքի նկատմամբ ցուցանիշի՝ յուրաքանչյուր տարի կես տոկոսային մասով ավելացումը, օրինակները կարելի է շարունակել,,, Մրցունակության ապահովման համար մեզ անհրաժեշտ է փոփոխությունների սրնթացությունը, դրանց ճեղքումնային բնույթը, կարճ ժամանակում որակական տեսանելի վերափոխումը:
 
Չորրորդ սկզբունքը ինտեգրվածությունը և ինտեգրումն է: Յուրաքանչյուր ոլորտի մրցունակության գրավականն է համաշխարհային տրենդերին համապատասխանելիությունը, զարգացման առաջնահերթությունների համաչափությունը միջազգային չափանիշներին: Այստեղ թերևս իրական ձեռքբերում ունենք միայն կրթական ոլորտում, քանի որ նախարարի խիստ պրոֆեսիոնալ, նպատակասլաց ջանքերի շնորհիվ Հայաստանը սրնթաց կերպով ներխուժեց Բոլոնյան կրթական տարածք և այս առումով առաջատար դիրքերում է մեզ հետ համադրելի երկրների շարքում: Այլ ոլորտներում լուրջ ձեռքբերումներ այս իմաստով, կարծես, չկան: Այնինչ որևէ մրցունակության մասին կարելի է խոսել միայն տվյալ ոլորտի՝ միջազգային զարգացման ուղղություններին համապատասխանելիության և ինտեգրված լինելու աստիճանի չափանիշներից ելնելով:
 
Եվ վերջին սկզբունքը հայտարարվող նպատակների համադրելիությունն է: Եթե մենք հայտարարում ենք գիտատար կամ գիտելիքահենք արտադրանքի արտահանման առաջնահերթությունը, ապա մեր բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն ապրուստի գնի, և ուրեմն, այդ թվում նաև գիտատար ոլորտում աշխատուժի գնի հնարավոր էժանացմանը: Հենց դրան պետք է միտված լինի երկրի դրամավարկային քաղաքականությունը, հոսքերի կառավարման ռազմավարությունը: Դրամական օտարերկրյա տրանսֆերտների անկառավարելի ներհոսքը այսօր թանկացնում է ապրուստը և ավելի շատ բացասական, քան դրական դեր է խաղում մեր մակրոտնտեսական իրավիճակում: Իսկ հաշվե՞լ ենք մենք արդյոք, որ օրինակ տուրիզմի զարգացման միաժամանակյա գերակայության իրագործումը ևս թանկացնում է և՛ ապրուստը, և՛ աշխատուժի գինը: Ինչու՞ են մեր ծրագրավորողները լքում երկիրը: Որովհետև աուտսորսինգի միջազգային շուկայում գոյություն ունեցող խիստ մրցակցային պայմաններում նրանց աշխատուժի գինը Հայաստանում զգալիորեն ավել է, քան այդ գինը, ասենք, Պակիստանում կամ Եգիպտոսում: Ասածս չի ենթադրում որ մենք պետք է անմիջապես հրաժարվենք տուրիզմի զարգացման պետական առաջնահերթությունից, բայց առնվազն հարցականի նշան ես այստեղ կդնեի:
 
Եվ, վերջապես, հրատապ անելիքները.
1)                  Առաջին տեղում ես կդնեի երկիր ներբերվող դրամական անկառավարելի հոսքերի՝ կառավարման ռազմավարության մշակումը և իրականացումը: Դրանց զգալի մասը, ինչպես գիտենք, ուղղվում է հանրային ծառայությունների, կրթական, առողջապահական պահանջների բավարարման դիմաց, կամ կոմունալ ծախսերի վճարումներին: Մեր առաջարկն է՝ հաշվի առնելով նշված ոլորտները սպասարկող հիմնականում մենաշնորհային դիրք ունեցող ընկերություններին՝ համաձայնեցված կարգով վճարումներն իրականացնել այդ նպատակների համար հատուկ ստեղծված կուտակային ֆոնդերից՝ համապատասխան դիսկոնտների դիմաց: Այս մոտեցումը կշահագրգռի վճարողներին գումարները մուտքագրել անմջապես այդ կուտակային ֆոնդերում, և ուրեմն առնվազն կմեղմացվի դրանց ճնշող ազդեցությունը ներքին արժույթային շուկայում:
 
2)                  Երկրորդ անելիքը վերաբերվում է հարկային դաշտին. Այս առանցքային ոլորտը դեռևս մնացել է կոնցեպտուալ հնադարյան մակարդակի վրա: ամբողջ համակարգը միտված է ամեն գնով դրամահավաքի գործին, և նշույլ անգամ չկա գործարարության ոլորտի խրախուսման կամ աջակցման մոտեցման: Արդեն տասնհինգերորդ տարին է, ինչ չենք կարող հրաժարվել մաքսակետերում բիզնեսի Ավելացված Արժեքի Հարկով կացնահարումից: Հիշեցնեմ որ այս՝ իր բնույթով բարբարոսական մեթոդը ընդունվել էր կիրառման այն ժամանակ, երբ աշխատավարձի գծով բյուջետային պարտքերը հասնում էին ինն ամսվա ծավալների: Բայց մի՞թե այնուհետև հաջորդած տնտեսության տեսանկյունից հարաբերական անդորրի, իսկ որոշ գնահատականների համաձայն՝ տնտեսական աննախադեպ աճի տասնհինգ տարվա ընթացքում հնարավոր չէր անդրադառնալ և փոխել այս կացնային մոտեցումը՝ տանել գործընթացը դեպի տնտեսական շրջանառության դաշտ, հարկել ավելացված արժեքը այնտեղ, որտեղ այն կձևավորվեր, այլ ոչ թե նախապես, սահմանի վրա: Մեզ հարկավոր է առավելագույնս պարզեցված հարկային համակարգ, որը նաև կխթանի ներքին ներդրումները: Ինչու՞ չկիրառել ինվեստիցիոն ռեսուրսների նկատմամբ առաջին իսկ տարում 100%-նոց ամորտիզացիայի կանոնը, և շահութահարկը հաշվարկել ու գանձել միայն ներդրված միջոցների վերադարձը ապահովելուց հետո: Դա զգալիորեն կէժանացներ ներդրումային ռեսուրսների արժեքը: Կամ մի՞թե ժամանակը չէ շահութահարկի տոկոսադրույքի շեշտակի իջեցման: Ներդրումային առաջնահերթություն ունեցող գրեթե բոլոր հաջողակ երկրներում նման նորմ կիրառվել է: Ժամանակն է նաև արագորեն անցնել հատուկ հարկային ռեժիմների կիրառմանը այն տարածքներում, որոնք կստեղծվեն լոգիստիկ բիզնեսի ոլորտում և ուղղված կլինեն միմիայն արտահանմանը, անգամ ռեէքսպորտին:
 
3)                  Ժամանակն է ենթակառուցվածքային բիզնեսում մենաշնորհային դիրքեր գրավող ընկերություններին պետական ռեգուլյատիվ կարգավորման ուժով դուրս բերել ֆոնդային շուկա, որտեղ այս բոլոր տարիներին մեռյալ հանգիստ է տիրում: Ի՞նչ մրցունակության մասին կարելի է խոսել այս պայմաններում: Խոսքս խմելու ջրի մատակարարման, բաշխիչ էլեկտրացանցերի, Հայռուսգազարդի, երկաթգծի, հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունների մասին է: Սա առանցքային կետ է: Դրանք բոլորն էլ օգտվում են կա՛մ իրենց մենաշնորհային դիրքերից, կա՛մ օգտագործում են հանրային սեփականություն հանդիսացող հաճախականությունները կամ տիրույթները: Բացի դրանից, կառավարիչների խստագույն պահանջը պետք է կայանա նման ընկերությունների կողմից կորպորատիվ կառավարման լավագույն ստանդարտների ներմուծումը, նման ընկերությունների գործադիր ղեկավարների նկատմամբ նույնպես պետք է սահմանել խստագույն պահանջներ. Դրանք պետք է պարտադիր կերպով լինեն միջազգայնորեն իրենց մասնագիտական և կառավարչական հմտությունները ապացուցած կադրեր: Չե՞ որ մենք գործ ունենք հսկայական գործատուների հետ, որոնց պրոֆեսիոնալ դրսևորումից է կախված լինելու նաև Հայաստանյան աշխատուժի շուկայում տիրող իրավիճակը, արդեն հիշատակված սոցիալական վերելակի առկայությունը և արդարության սկզբունքի իրականացումը: Մինչդեռ շատ դեպքերում նման հսկաների կառավարիչներ են նշանակվում պատահական մարդիկ, որոնց միակ առաքելությունը կարծես ատկատները ժամանակին տեղ հասցնելն է:
 
4)                  Հաջորդ կետը ամենուրեք եվրոպական չափանիշներին համապատասխան պետական ստանդարտների ներդրումն է և դրանց խստագույնս կիրառումը: Այստեղ կարծես, կարելի է արձանագրել որոշակի առաջընթաց. Համենայնդեպս, դրա մասին սկսել ենք խոսել և որոշ չափով հետևել:
 
5)                  Եվ վերջապես, Բաց Երկնքի քաղաքականության անհապաղ հայտրարումն ու ընդունումն է: Անհիմն, բացարձակ վնասակար մոտեցում է մեր երկրի համար ազգային փոխադրողի շահերի մասին մտածելը: Խնդիրը պետք է լինի սպառողի շահերի ապահովումը, նրան լիարժեք այլընտրանքային ճանապարհորդության հնարավորությունների տրամադրումը, Հայաստանյան շուկա այլ երկրների դիսքաունթերների մուտքի ազատականացումը, ճանապարհորդության ծախսերի շեշտակի նվազեցումը: Ցամաքային շրջափակման մեջ գտնվող և ծովային ելք չունեցող երկրի համար սա ուղղակի օրհասական առաջնահերթություն էԵվ վերջում անդրադառնամ, իմ կարծիքով, հույժ հրատապ հանդիսացող մի առաջարկության, որը կարծում եմ կպաշտպանվի նաև Տնտեսագիտական Համալսարանի կողմից, և որպես մեր ընդհանուր առաջարկ կարող է ներկայացվել Կառավարությանը: Խոսքը տնտեսական քաղաքականության առաջնահերթություններին վերաբերող գիտական էքսպերտային կենտրոնի ստեղծման մասին է, որում կամփոփվեն մեր համալսարաններում կուտակված լավագույն գիտական փորձը և վերլուծական հնարավորությունները և կտրամադրվեն հանրային կարևորություն ունեցող մոտեցումների մշակման նպատակին: Մենք բազմաթիվ անգամներ մասնակցություն ունեցել և ունենում ենք այլ երկրների առաջնահերթություններին վերաբերող քննարկումներին և էքսպերտային գնահատականներին: Չգիտես ինչու հայրենի կառավարիչները գերադասում են դիմել արտասահմանյան էքսպերտներին, մինչդեռ համոզված եմ, որ մեր համընդհանուր կուտակած գիտական փորձը հաստատ օգտակար կլիներ տնտեսական քաղաքականություն մշակողներին:
 
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ուշադրության համար: